Հայաստանում տնտեսական և քաղաքական հետապնդումների էջը փակված է. ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու. Նիկոլ Փաշինյան

64
loading...

Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի և՛ մենք, և՛ ժողովուրդը պատրաստ է: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության ղեկավար, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին վարչապետի ընտրության հարցին:

Նա հայտնեց, որ ընտրվելու դեպքում կառավարության ծրագիրը 20 օրվա ընթացքում մշակելու և ներկայացնելու են, բայց այժմ ինքն աշխատում է վաղվա իր ելույթի վրա:

Ինչ վերաբերում մամուլում շրջանառվող այն լուրերին, որ Խաչատուր Սուքիասյանը նշանակվելու է փոխվարչապետի պաշտոնում, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»,- ասաց նա՝ հավելելով, որ ոչ մի առաջարկ չի էլ ստացել այս հարցի առումով:

Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ շեշտեց, որ «Հայաստանում տնտեսական և քաղաքական հետապնդումների էջը փակված է, ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու»:
«Բոլոր հարցերի պատասխանները հանրությունը կստանա՝ և՛ լուծման առաջարկները և՛ ուղիները: Այն մթնոլորտը, որ այսօր կա ՀՀ-ում՝ այս հեղափոխությունն անվանվել է «սիրո և համերաշխության», այդ մթնոլորտը չպետք է խաթարվի: Դա չի նշանակում, որ մեր առջև դրված նպատակները՝ երկրում օրենքի իշխանությունը և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելը, չեն իրականանալու: Ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, մեկը մյուսի հաշվին երբեք ու երբեք չի արվելու»,- ասաց վարչապետի թեկնածուն:

Նա նաև հայտարարեց, որ իր վարչապետ ընտրվելու պահից մենաշնորհներ չեն լինելու երկրում: Փաշինյանը ընդգծեց, որ նաև պետք է հետևեն, որպեսզի այս հայտարարությունների ֆոնին իրադրությունը չշարունակի նույնը մնալ:

Ինչ վերաբերում է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի հարցին, որը վերջին շրջանում համացանցում ակտիվորեն շրջանառվում է, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Հիմա մենք լուծում ենք վարչապետի ընտրության և կառավարության ձևավորման հարցերը, մենք այսօր աշխատում ենք այդ խնդրի վրա: Բայց կառավարության կազմը, այսպես ասած՝ դեմքը, պետք է արտահայտի այն շունչը, որն այսօր կա ՀՀ-ում»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here