Փաշինյանի ռեսուրսը սպառված է. ի՞նչ կարող է նա հակադրել ՀՀԿ մեծամասնությանը. Լեւոն Տեր-Պետրոսյանի պարզաբանումը

200
loading...

ՀՀԿ-ն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը: Այս մասին Ilur.am-ին հայտնել է ՀՀ առաջին նախագահ, ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ անդրադառնալով վերջին ներքաղաքական զարգացումներին:

Նա, մասնավորապես, նշում է.

«Այս օրերին շատերն են գլուխ կոտրում խորհրդարանի եւ կառավարության հարաբերություններում ստեղծված արտառոց իրավիճակի քաղաքական բնորոշման վրա: Խորհրդարանական մեծամասնությունը իրեն հայտարարել է ընդդիմություն, իսկ գործադիր իշխանությունը դիտվում է որպես փոքրամասնության կառավարություն: Թեեւ խորհրդարանական համակարգի համար միանգամայն արտառոց, այսպիսի իրավիճակներ հաճախ ստեղծվում են նախագահական եւ կիսանախագահական հանրապետություններում, որոնք հայտնի են «համակեցություն» (cohabitation) տերմինով:

Դրանք այն դեպքերն են, երբ նախագահը ներկայացնում է մի կուսակցություն, մինչդեռ խորհրդարանում մեծամասնություն են կազմում մի այլ կուսակցության պատգամավորները: Դա չափազանց դժվարացնում է պետական մեքենայի անխափան գործունեությունը` հաճախ ստեղծելով ճգնաժամային իրավիճակներ: Հանրապետական կուսակցությունն ունենալով խորհրդարանական մեծամասնություն, ի վիճակի է վիժեցնել կառավարության բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, եւ դատելով վերջին ելույթներից, նրանք չեն էլ թաքցնում նման մտադրությունը:

Ի՞նչ կարող է դրան հակադրել Փաշինյանի գլխավորած նորընտիր կառավարությունը: Մինչ այս պահը Փաշինյանն իր կամքը խորհրդարանին պարտադրել է համաժողովրդական բողոքի ու ընդվզման միջոցով, ինչը, որպես ժողովրդավարության դրսեւորում, ըմբռնումով է ընկալվել միջազգային հանրության կողմից: Սակայն կարո՞ղ է նա, արդյոք, խորհրդարանի վրա նույն մեթոդով ազդել նաեւ այսուհետեւ: Ակնհայտ է, որ ո՛չ, որովհետեւ այդ ռեսուրսն արդեն սպառված է: Մի բան է խորհրդարանին սեփական կամքը պարտադրել ժողովրդական շարժման առաջնորդի հանգամանքով, եւ բոլորովին այլ բան` վարչապետի կարգավիճակով: Այս դեպքում արդեն միջազգային հանրությունը նման գործելակերպ չի հանդուրժի, որովհետեւ դա կդիտվի որպես իշխանության մի թեւի կողմից մյուսի վրա գործադրվող անթույլատրելի ճնշում, մանավանդ նկատի առած այն պարագան, որ նույն այդ միջազգային հանրությունը ժամանակին ճանաչել է թե՛ խորհրդարանական ընտրությունների, եւ թե՛ դրանց արդյունքում ձեւավորված խորհրդարանի օրինակարգությունը:

Հետեւաբար, ինչպես շատերն են գիտակցում, երկրի համար չափազանց վտանգավոր այս իրավիճակից դուրս գալու միակ միջոցը արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, անշուշտ, ընտրական օրենսգրքի արմատական վերափոխումից հետո: Սակայն այս հարցում էլ լուրջ բարդություններ են սպասվում, որովհետեւ ընտրական օրենսգրքի վերափոխումն էլ կրկին կախված է խորհրդարանական մեծամասնության կամքից: Չպետք է անտեսել, որ քաղաքական դիմակայության դրդապատճառից բացի, հանրապետականների մոտ առկա են նաեւ անձնական շահագրգռություններ, քանի որ նրանք համոզված չեն, որ հաջորդ ընտրություններից հետո կարող են հայտնվել խորհրդարանում:

Հուսանք, որ գործող խրթին սահմանադրության պատճառով արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում ստեղծված օրենսդրական խոչընդոտները հաղթահարելու համար քաղաքական ազդեցիկ ուժերը կամք եւ ողջախոհություն կդրսեւորեն բանակցությունների, երկխոսության եւ փոխպայմանավորվածության միջոցով ելք գտնելու մեր պետականությանն սպառնացող այս բարդ իրավիճակից»:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here