Տեր-Պետրոսյանի կարևոր աջակցությունը Փաշինյանին

70
loading...

Իր պաշտոնոթողության օրը Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ակնհայտորեն փորձել էր մի փոքր «վրեժ» լուծել վարչապետ Նիկոլ Փաշինյանին` քննադատաբար անդրադառնալով սեպտեմբերին 9-ին Ստեփանակերտում ԼՂ խնդրի շուրջ վերջինիս արտահայտած դիրքորոշումներին:

Վիգեն Սարգսյանը մասնավորապես ասել էր. «Երեք օր առաջ, մամուլի ասուլիսում Հայաստանի վարչապետը Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ հայտնեց մի շարք դիրքորոշումներ, որոնք, ըստ իս, կարող են վտանգավոր լինել: … Վարչապետը հայտարարել է, որ կտրուկ շրջադարձեր չեն լինելու արտաքին քաղաքականության բնագավառում, բայց միևնույն ժամանակ ակնարկել, որ Հայաստանը հակամարտության կողմ է: Դա միշտ եղել է Ադրբեջանի պնդումը, այնինչ միջազգային հանրությունը գիտի, որ Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն է, բանակցային գործընկեր, բայց ոչ երբեք «հակամարտության կողմ»: Դա կարող է հեռուն գնացող հետևանքներ ունենալ: Վերջապես (Փաշինյանի կողմից) արված հայտարարությունների մեջ կան նաև բանակցային մանրամասներին իրազեկ չլինելու դրսևորումներ»:

Այսօր առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կարճ հոդված է հրապարակել iLur.am կայքում, որտեղ փաստացի հիմքերով բացահայտել է Վիգեն Սարգսյանի բացարձակ անտեղյակությունը ԼՂ խնդրի բովանդակությանը: «Հայաստանը, Ադրբեջանը և Ղարաբաղը միջազգային հանրության կողմից «ղարաբաղյան հակամարտության կողմի» կարգավիճակ են ստացել ԵԱՀԿ 1994թ. դեկտեմբերի 6-ի Բուդապեշտի գագաթնաժողովի ամփոփիչ փաստաթղթում և ավելի հստակ` ԵԱՀԿ ղեկավար խորհրդի նախագահի` 1995թ. մարտի 31-ի Պրահյան պարզաբանման մեջ:

Այստեղից ակնհայտ է դառնում, որ Վիգեն Սարգսյանի արտահայտած այն միտքը, թե, իբր, Ադրբեջանն է, որ մշտապես պնդել է Հայաստանը ճանաչել ղարաբաղյան հակամարտության կողմ, նոնսենս է: Ադրբեջանն իրականում դա՛ չէ, որ պնդել է, այլ այն, որ Հայաստանը ճանաչվի ոչ թե ղարաբաղյան հակամարտության, այլ ղարաբաղյան պատերազմի կողմ, այսինքն` ագրեսոր»,-գրել է առաջին նախագահը` շեշտելով, որ Բաքվի ջանքերը տապալվել են իր իշխանության դիվանագիտական ջանքերի շնորհիվ:

Տեր-Պետրոսյանը խիստ կարևոր աջակցություն է ցուցաբերել Նիկոլ Փաշինյանին: Խնդիրն այստեղ ոչ թե ներքաղաքական հարթության վրա է, որտեղ Փաշինյանն, ըստ էության, աջակցության կարիք չունի, այլ` ԼՂ խնդրում գործող վարչապետի դիրքորոշումը միջազգային հանրության համար ընկալելի դարձնելը: Գաղտնիք չէ, որ ԼՂ խնդրում Տեր-Պետրոսյանի դիրքորոշումները գործնական և փորձագիտական մեծ նշանակություն ունեն միջազգային քաղաքական և քաղաքագիտական մասնագիտական շրջանակների համար: Եթե սրան հավելենք այն հանգամանքը, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքական մոտեցումները շատ դեպքերում օբյեկտիվորեն «հում» են, ապա Տեր-Պետրոսյանն այսօր մեծ ծառայություն է մատուցել Հայաստանի նոր վարչապետին` իր հոդվածով, ըստ էության, փոխլրացնելով և ամրապնդելով նրա դիրքորոշումը ԼՂ խնդրում:

Միևնույն ժամանակ, Տեր-Պետրոսյանն, ով ԼՂ խնդրում երբեք տուրք չի տվել պոպուլիզմին, դիվանագիտորեն հասկացրել է, որ իրական չի համարում` ԼՂՀ-ին բանակցային գործընթաց վերադարձնելու Փաշինյանի ձգտումը: «Թեմայից դուրս, թերևս, արժե հիշեցնել, որ «հակամարտության լիարժեք ու իրավահավասար կողմի» Լեռնային Ղարաբաղի միջազգայնորեն ճանաչված կարգավիճակի ձեռքբերումը հայկական դիվանագիտության մեծագույն նվաճումն էր, որը մսխվեց Ռոբերտ Քոչարյանի, մեղմ ասած, հանցավոր անզգուշության պատճառով, ինչը դարձավ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ծագած բոլոր հետագա բարդությունների հիմքը»,-գրել է Տեր-Պետրոսյանը:

Միջազգային քաղաքականությունը երբեք չի առաջնորդվում «եթե»-ներով, էմոցիաներով, ցանկություններով: Շատ դժվար է փոխել քսան տարվա ստատուս-քվոն, բանակցային ձևաչափը, եթե նույնիսկ թավշյա հեղափոխությունը էապես մեծացրել է Հայաստանի սուբյեկտությունը, միջազգային հեղինակությունը: Միջնորդները տեսանելի ապագայում չեն գնա բանակցային ձևաչափի նման էական վերանայման, որովհետև ստատուս-քվոյի էական փոփոխությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի, մանավանդ` Մերձավոր Արևելքում լարվածության նոր աճի, տարածաշրջանում քաոտիկ միտումների արտահայտման համատեքստում:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here