Գրկախառնությունն առողջարար է, ավելի օգտակար, քան կարող է թվալ

70
loading...

Ավելի սառն ու անտարբեր ենք դարձել։ Ավելի անհաղորդ՝ կողքինի, դիմացինի հոգսին, խնդիրներին։ Բարդ ժամանակներ են։ Առօրյա խնդիրների բեռը շատերիս թույլ չի տալիս վեր կանգնել կենցաղից, լինել ավելի հանդուրժող ու բարյացակամ։

Պատահական չէ, որ աշխարհում հորինել են մի տոն, որը կոչվում է Գրկախառնության միջազգային օր։ Այն սկիզբ է դրվել ԱՄՆ-ում՝ 1986 թվականի հունվարի 21-ին։ Տոնի ավանդույթի համաձայն, այդ օրը կարելի է գրկախառնվել նույնիսկ անծանոթի հետ։ Իմաստն այն է, որ մարդիկ, անկախ տարիքից, սեռից, ռասայից, իրենց հարգանքը հայտնեն դիմացինին՝ որպես իրենց նմանի, առանց հետին մտքերի, պարզ ու շիտակ մարդկային ջերմության դրսեւորմամբ։ Մեզ մոտ այս տոնը գրեթե չի հիշատակվում։

Նախ՝ հայկական չէ, երկրորդ՝ մեր սովորույթները, ավանդույթները թույլ չեն տալիս անծանոթին գրկել։ Անծանոթը՝ անծանոթ, բայց ի՞նչն է խանգարում մի փոքր ավելի ջերմություն ցուցաբերել հարազատի, հարեւանի, ընկերոջ, տարեցների նկատմամբ, ավելի հաճախակի այցելել նրանց, հուսադրող ու լավատեսական խոսքեր ասել միմյանց։ Չէ՞ որ այդ դեպքում ավելի շատ խնդիրներից կձերբազատվենք։

Մասնագետները պնդում են, թե մեզ օրական չորս գրկախառնություն է պետք գոյը պահպանելու, ութ գրկախառնություն՝ նորմալ կենսունակության համար։ Իսկ աճի ու զարգացման համար մեզ անհրաժեշտ է տասներկու գրկախառնություն։ Գրկախառնություններն ունեն թերապեւտիկ ազդեցություն։

Ըստ հետազոտության՝ ամեն օր 10 վայրկյան գրկախառնությունը կարող է իջեցնել հիպերտոնիկ հիվանդությամբ տառապող մարդկանց արյան ճնշումը, ինչպես նաեւ նվազեցնել սիրտ—անոթային հիվանդությունների առաջացման ռիսկը, հանել սթրեսը եւ կանխել դեպրեսիան։

Գիտնականները նշում են, որ կատարյալ երջանկության համար յուրաքանչյուր ոք օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի։ Իսկ ձեզ իրենց գիրկն առնել շտապող մարդիկ ցանկանում են անվտանգության, հարմարավետության եւ սիրո զգացում ապրել։ Այդ նույն «դեղն» ամրացնում է նաեւ իմունային համակարգը՝ օգնելով դիմակայել վարակներին։ Ուսումնասիրողները եկել են այն եզրահանգման, որ գրկախառնության ժամանակ առաջացող դրական հույզերը հանգեցնում են ֆիզիոլոգիական եւ կենսաքիմիական ռեակցիաների, մասնավորապես՝ բարձրացնում են օքսիտոցինի մակարդակը (կապվածության եւ վստահության հորմոն), նվազեցնում են կորտիզոլի մակարդակը (սթրեսի հորմոն)։

Նախորդ դարի 70-ական թվականներին հետազոտողները սկսեցին ուսումնասիրել էնդորֆին կոչվող քիմիական նյութերը, որոնք հայտնաբերվել էին մարդու արյունատար եւ նյարդային համակարգերում։ Էնդորֆինները մորֆինանման նյութեր են, որոնք նվազեցնում են ցավը եւ առաջացնում են էյֆորիայի զգացողություն։ Գլխուղեղի եւ նյարդային համակարգի շնորհիվ սինթեզված այդ բնական թմրանյութի քանակն ավելանում է, երբ մենք գրկախառնվում ենք։ Բացի այդ, գլխուղեղի համապատասխան հատվածն ակտիվորեն աշխատում է, երբ դիպչում ենք մարդու մաշկին։

Եթե երեխաներին քիչ ենք գրկում, նրանց գլխուղեղի այդ հատվածը պասիվանում է, եւ տուժում է իմունային համակարգը։ Փոքր տարիքում գրկախառնվելը մեզ տալիս է սիրելու ունակություն։ Մինչեւ 7 տարեկան առանց գրկախառնության մեծացած երեխան կարող է հետագայում կորցնել ուրիշներին սիրելու ունակությունը։ Նրանք, որպես կանոն, իրենց զգում են հասարակությունից մերժված եւ ունակ են հակահասարակական արարքների։ Նեյրոհոգեբույժ Ջեյմս Ուիլյամ Պրեսկոտի անցկացրած ուսումնասիրությունները վկայում են, որ երեխաների մոտ, որոնց չեն գրկել եւ որոնց մասին հոգ չեն տարել, մեծ է մարդասպան դառնալու հավանականությունը։ Ահա թե ինչու, գրկախառնություններն ավելի օգտակար են, քան կարող է թվալ առաջին հայացքից։

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here