Վաղը հանրապետությունում քաղաքացիական անհնազանդության գործողություններ չեն լինելու

60
loading...

20:38

Վաղը ո՛չ Երևանում, ո՛չ Հանրապետության մարզերում անհնազանդության գործողություններ չեն իրականացվելու: Այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Եթե հաշվի առնենք այսօրվա քաղաքական հայտարարությունները, վարչապետի ընտրության երկրորդ փուլում ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի խնդիրը գործնականում լուծված է, բայց սրանք բանավոր հայտարարություններ են: Անհրաժեշտ է վաղը անել կոնկրետ գործողություններ, պատրաստել փաստաթղթեր, համապատասխան փաթեթ և ի վերջո Հանրապետական խմբակցության հայտարարությունից հետո ավելի մանրամասն տեղեկանալ «ՀՀԿ» խմբակցության դիրքորոշումների մասին»,- նշեց նա:

Փաշինյանը հայտարարեց, որ վաղը իրենք Ազգային ժողովում փորձելու են հավաստիանալ, որ ՀՀԿ-ի հայտարարությունները երաշխավորված են:

«Մենք մեր զգոնությունը չպետք է կորցնենք: Տեսականորեն կարող են իրադարձություններն այնպես զարգանալ, որ վաղը օրվա երկրորդ կեսին անհրաժեշտություն լինի հավաքվել:

Տեղյակ կպահեմ, թե ինչ է կատարվում: Եթե ամեն ինչ նորմալ ընթացավ, մենք պատրաստվում ենք վարչապետի ընտրություններին: Բոլոր դեպքերում վարչապետի ընտրությունների օրը հավաքվում ենք Հանրապետության հրապարակում»,- հայտնեց Նիկոլ Փաշինյանը:

20:25

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար Նիկոլ Փաշինյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին, խոսելով նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ասաց՝ ՀՀԿ-ի պատգամավորների պահվածքն ուներ 3 հիմնական նպատակ:

«Առաջինը՝ հույս ունեին, որ հարցուպատասխանի ընթացքում չգիտեմ ինչ է տեղի ունենալու, որ ժողովուրդը փոխելու է կարծիքը իմ և մեր շարժման մասին: Դա չաշխատեց: Երկրորդ՝ նրանք հույս ունեին, որ իրենց պահվածքով կբորբոքեին ժողովրդին, և հնարավոր կլիներ սադրանքներ կազմակերպել, դա նույնպես չաշխատեց: Երրորդը՝ հույս ունեին իրենց դեմ քվեարկելով՝ ժողովուրդը կհուսահատվի, «թան էլ չէ, փռթած մածուն» ձեզ»,- ասաց Փաշինյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչն այսօր տեղի ունեցավ Երևանում և Հանրապետության բոլոր մարզերում, աննախադեպ էր մեր շարժման համար՝ ծավալներով, մասշտաբներով. «Այսօր Երևանում և ՀՀ-ում չի եղել ոչ մի բաց ճանապարհ»:

«Ես մանրամասն ելույթ էի պատրաստել, բայց օրվա ընթացքում քաղաքական իրավիճակ է փոխվել, և անիմաստ է այլևս դրա մասին խոսել»,- ասաց Փաշինյանը:

20:13

Այնուհետև ելույթ ունեցավ Եվրոպայի ձյուդոյի առաջնությունում ոսկե մեդալ նվաճած և ադրբեջանցի մարզիկին հաղթած Ֆերդինանդ Կարապետյանը:

Վերջինս, որ այդ գլխավոր հաղթանակին գնալուց առաջ խնդիր էր դրել՝ ամեն գնով, անգամ մեռնելու, հաղթել իր ադրբեջանցի մրցակցին, քանի որ, Աստված մի արասցե, պարտվելու դեպքում ամաչելու էր նայել իր ժողովրդի աչքերին:

Ապա մարզիկն ասաց, որ որոշում ունի այդ մեդալը հանձնել Նիկոլ Փաշինյանին:

20:09

Երգահան Արմեն Մովսիսյանը, ով գիշերն է ժամանել Հայաստան, նշում է, որ առաջին տպավորությունն այն էր, որ նոր Հայաստան է եկել, և մարդկանց դեմքերին ժպիտ ու հույս կա:

«Հիշում եմ, որ մեր նորագույն պատմությունը շատ արագ է փոխվում: Երբ Նիկոլն արեց իր առաջին քայլը, անցել է մեկ ամիս, բայց մենք լրիվ ուրիշ Հայաստան ենք տեսնում: Հայաստան, որի քաղաքացին ուզում է տեր կանգնել իր ապագային, ուզում է տեսնել օրենքի գերակայություն»,- նշեց նա:

Արմեն Մովսիսյանի կարծիքով՝ սա հայ ազգի և Հայաստանի վերածննդի սկիզբն է: Նա համոզված է, որ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում երկրում կհաստատվի արդարության մթնոլորտ:

20:07

Դավիթ Սանասարյանն իր ելույթը սկսեց ողջույնի խոսքով՝ բարև, հաղթանակա՛ծ ժողովուրդ:

Նա պաշտոնապես հավաստիացրեց, որ Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի վերաբերյալ մինչ այժմ հնչեցրած հայտարարությունները աննախադեպ էին, և իշխանությունները մինչ այժմ շատ ավելի ցածր նշաձող են սահմանած եղել:

«Սիրելի՛ արցախցիներ, եկե՛ք այս հրապարակ և տեսե՛ք Արցախը ազատագրած հրամանատարներին. իրենց ջոկատներով ժողովրդի մեջ են»,- հայտարարեց Դավիթ Սանասարյանը:

19:53

«Երեկ ամբողջ ազգը հետևում էր ԱԺ նիստին, մտքովս մի բան անցավ՝ ա՛յ ձեր ցավը տանեմ, 10 տարի ա, տանջել եք, էս 8 ժամն է՞լ պետք ա տանջեք»,- Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին ասաց դերասան Հայկ Մարությանը:

Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս է՝ փաստացի ղեկավարում է երկիրը.

«Բոլորը սպասում են, թե Նիկոլը ինչ է հայտարարելու հանրահավաքին, որ վաղվա օրը պլանավորեն: Մենք էլ կատարում ենք մեր գլխավոր հրամանատարի հրամանները»,- հայտարարեց նա:

19:50

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի քարտուղար, Երևանի ավագանու անդամ Տիգրան Ավինյանն էլ նկատելով, որ երեկ բոլորի աչքի առաջ տեղի էր ունենում ԱԺ-ում վարչապետի ընտրության հարցի քննարկումը, ասաց.

«Նրանք ասում էին, որ Նիկոլ Փաշինյանը փորձ չունի, չի կարող լինել վարչապետ , բայց նրանք չէին հասկանում, որ իրենց որոշելիքը չէ, Հայաստանի Հանրապետության  ժողովուրդը առաջադրել է իր թեկնածուին, և այդ թեկնածուն պետք է հաստատվի ԱԺ-ում:

Նա հավելեց,  թե տրվելով նեղ անձնական , նեղ կուսակցական շահերին՝ ՀՀԿ-ական պատգամավորները  բոլորովին  մոռացել են ՀՀ ժողովրդի շահի մասին, Ավինյանը հույս հայտնեց, որ այս մարդիկ, որ իր խոսքով՝ ընտրել են սխալ ճանապարհ, շարժման այսօրվա  գործողություններից հետո հայտարարելու են, որ ընտրելու են մայիսի 8-ին որպես ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Նա հատուկ ուղերձ հղեց Սփյուռքի ներկայացուցիչներին՝ ասելով, որ  այնտեղ կան  հրաշալի  մասնագետներ, որոնք պետք է ներգրավված լինեն պետական կառավարման գործընթացի մեջ:

«Ե՛տ եկեք Հայաստան, հիմնվե՛ք,  եկե՛ք կառուցենք միասին նոր հզոր Հայաստանի Հանրապետությունը»,- ասաց Տիգրան Ավինյանը:

19։39

ԵՊՀ ուսանող Վահան Կոստանյանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքին իր ելույթում անդրադարձավ երեկ ԱԺ հարթակից պատգամավորների կողմից երիտասարդների և ուսանողների ցույցերին մասնակցության մասին հայտարարություններին:

«Այդ հարթակից երկար ժամանակ չէր խոսվում ուսանողության մասին, երբ հիմնահատակ ավիրվում էր մեր բարձրագույն կրթության համակարգը, և համալսարանները լցվում էին հանրապետականներով»,- նկատեց նա:

Նա հիշեցրեց, որ դասադուլ անող ուսանողների առաջ դռներ էին փակվում, իսկ դասախոսների աշխատավարձերը չէին վճարում՝ պատճառաբանելով, որ լսարաններում ուսանող չկա.

«Այդ ժամանակ ՀՀԿ-ական պատգամավորները լուռ էին: Նրանք այսքանից հետո համարձակվում են հայտարարել, որ ուսանողները քաղաքական գործիչներ չեն և մոլորված են:

Ես կոչ եմ անում գալ հրապարակ և տեսնել, որ այստեղ լրիվ այլ իրադրություն է: Այստեղ մենք կանգնած ենք նոր Հայաստանում, և սա սիրո ու համերաշխության հեղափոխություն է»,- ասաց Վահան Կոստանյանը:

Հանրապետության հրապարակում հանրահավաքը սկսվեց Ազատության ջահը վառելով:

Հիշեցնենք, որ քիչ առաջ հանդիպել են Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը, որից հետո «Ծառուկյան» դաշինքի առաջնորդը հայտարարել է, որ իրենք շարունակելու են սատարել ժողովրդի թեկնածուի թեկնածությունը:

«ՀՀԿ» ֆրակցիայի նախագահ Վահրամ Բաղդասարյանն էլ քիչ առաջ հայտարարեց, որ իրենք վարչապետի թեկնածու չեն առաջադրելու և պաշտպանելու են ԱԺ 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին:

Հանրահավաքը սկսվեց ՔՊ անդամ Ալեն Սիմոնյանի ելույթով:

Աղբյուր

loading...

ОСТАВЬТЕ ОТВЕТ

Please enter your comment!
Please enter your name here